A globe

Jehovah’s Witnesses

Official Media Web Site

jw-media.org Home
Armenia

About Jehovah’s Witnesses

News

Our Official Web Sites

Media Resources


For Immediate Release
7 հուլիսի, 2011թ.
(English, Russian)

Եվրոպական բարձրագույն ատյանի շրջադարձային վճիռը պաշտպանում է խղճի թելադրանքով զինծառայությունից հրաժարվողների իրավունքները

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, Ֆրանսիա: Սույն թվականի հուլիսի 7-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատը ձայների մեծամասնությամբ (16 կողմ, 1 դեմ) հանգեց այն եզրակացության, որ Հայաստանը խախտել է Եհովայի վկա պարոն Վահան Բայաթյանի խղճի ազատության իրավունքը, ով դատապարտվել և ազատազրկվել էր խղճի թելադրանքով զինծառայությունից հրաժարվելու համար: Սույն վճիռը հենակետ է հանդիսանում խղճի թելադրանքով զինվորական ծառայությունից հրաժարվողների իրավունքների պաշտպանության համար, քանի որ այն ամբողջությամբ փոխում է սույն խնդրին վերաբերող 44-ամյա նախադեպային իրավունքը:

2002թ.-ին պրն. Բայաթյանը Հայաստանի իշխանությունների կողմից դատապարտվել էր երկուսուկես տարվա ազատազրկման զենք կրելուց հրաժարվելու պատճառով. իր այդ անձնական որոշումը նա կայացրել էր Աստվածաշնչով դաստիարակված իր խղճի հիման վրա: Պրն. Բայաթյանի նկատմամբ պատժամիջոցներ էին ձեռնարկվել՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի իշխանությունները 2001թ. հունվար ամսին պարտավորություն էին ստանձնել Եվրախորհրդի առաջ համոզմունքների հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների համար իսկական քաղաքացիական այլընտրանքային ծառայություն ստեղծել՝ միևնույն ժամանակ ներում շնորհելով բոլոր դատապարտյալներին: Պրն. Բայաթյանը դիմում էր ներկայացրել ՄԻԵԴ՝ նշելով, որ իրեն դատապարտելով Հայաստանը խախտել էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը (այսուհետ՝ Կոնվենցիա): Չնայած Դատարանի պալատներից մեկը 2009թ.-ին վճիռ էր կայացրել ընդդեմ պրն. Բայաթյանի՝ Մեծ պալատը չեղյալ համարեց պալատի՝ 2009թ.-ի վճիռը՝ նշելով, որ «....դիմումատուին դատապարտելը միջամտություն էր, ինչը Կոնվենցիայի 9-րդ հոդվածի իմաստով անհրաժեշտ չէր ժողովրդավարական հասարակությունում: Հետևաբար խախտվել է այդ դրույթը»։ Մեծ պալատը բացատրում է, որ 9-րդ հոդվածը պաշտպանում է «կրոնական խմբին, ում հավատալիքները ներառում են համոզմունք՝ ըստ որի զինվորական ծառայությունը, նույնիսկ առանց զենքի, առարկելի է»։

ՄԻԵԴ-ի պատմության մեջ առաջին անգամ է, որ համոզմունքների հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելը ճանաչվում է որպես Կոնվենցիայի 9-րդ հոդվածով լիովին պաշտպանվող իրավունք, և որ այդպիսի համոզմունքների տեր անձանց ազատազրկելը դիտվում է որպես ժողովրդավարական հասարակությունում մարդու հիմնարար իրավունքների խախտում:

Այս նշանակալից վճիռը պարտավորեցնում է Եվրոպայի խորհրդի երեք անդամ-երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին և Թուրքիային, դադարեցնել այն անձանց դատապարտումն ու ազատազրկումը, ում խոր կրոնական համոզմունքները թույլ չեն տալիս մասնակցել զինվորական ծառայությանը: 69 Եհովայի վկաներ, ովքեր այժմ ազատազրկված են Հայաստանում որպես խղճի կալանավորներ, սպասում են իրենց անհապաղ ազատվելուն: Այս աննախադեպ վճիռը Վկաները դիտում են որպես մեծ առաջընթաց մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում՝ հուսալով, որ այնպիսի երկրներում, ինչպիսին է օրինակ՝ Հարավային Կորեան, որտեղ ներկայումս բանտարկված են մոտ 800 երիտասարդ, խղճի կալանավորները ազատ կարձակվեն, ինչը կհամապատասխանի Եվրոպական դատարանի կողմից սահմանված ներկայիս միջազգային չափանիշներին:

Vahan Bayatyan

Կոնտակտներ՝
Բելգիա՝ Եհովայի քրիստոնյա վկաների եվրոպական ասոցիացիա
Հեռ.՝ +32 2 782 0015
բջջ.` +32 475 58 10 36
Բրիտանիա՝ Եհովայի քրիստոնյա վկաների եվրոպական ասոցիացիա
Հեռ.՝ +44 7775 833880
Հայաստան՝ Տիգրան Հարությունյան
Հեռ.՝ +374 10 274 544
ԱՄՆ՝ Դեյվիդ Սիմոնյան, Տեղեկատվության բաժին
Հեռ.՝ +1 718 560 5600